Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

«Թուրքիան պիտի փակի Առաջին համաշխարհային պատերազմի վերջին էջը»

«Թուրքիան պիտի փակի Առաջին  համաշխարհային պատերազմի վերջին էջը»
23.02.2016 | 01:35

Ոչ ֆինանսավարկային հարցազրույց ԱԺ ՍԾՏՀ ԽՎ պատվիրակության ղեկավար ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:

-Դուք վերջերս Ստամբուլում էիք, ո՞րն էր այդ այցի նպատակը:
-Փետրվարի 8-9-ին Ստամբուլում, որպես տնտեսական հարցերով Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նախագահի տեղակալ, մասնակցում էի վեհաժողովի նախորդ տարվա բյուջեի կատարողականի և հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումներին: Համաձայն գործող կարգի՝ այդ քննարկումներին մասնակցում էին նաև վեհաժողովի նախորդ, ներկա և հաջորդ նախագահող երկրների` Թուրքիայի, Սերբիայի և ՈՒկրաինայի պատվիրակությունների ղեկավարները: Քննարկումները շատ կարևոր էին մեր երկրի համար՝ առաջարկվում էր հաջորդ տարվա համար ավելացնել անդամ երկրների անդամավճարները:
-Ո՞րն էր պատճառը:
-2017-ին նշվելու է ՍԾՏՀ ԽՎ 25-ամյակը, այս պատճառով նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնց իրականացման համար էլ առաջարկվում էր հաջորդ տարում ավելացնել վեհաժողովի անդամ երկրների անդամավճարները: Ես դեմ արտահայտվեցի առաջարկին: Մենք կանխեցինք այս որոշումը՝ որոշվեց, որ ծախսերը կարվեն վեհաժողովի գործունեության արդյունքում ակնկալվող խնայողությունների հաշվին:
-Այլ քննարկումներ եղա՞ն Ստամբուլում:
-Հայաստանի խորհրդարանական պատվիրակություններն աշխատում են միջազգային տարբեր կառույցներում և, ինչպես մեր բոլոր պատվիրակությունները, ունենում են այլ պատվիրակությունների հետ փոխհարաբերությունների կառուցման խնդիրներ: Ես փորձեցի ՈՒկրաինայի պատվիրակության ղեկավարի հետ նորմալ հարաբերությունների հաստատման հարցը լուծել:
-ՈՒկրաինայի և Հայաստանի հարաբերությունները միշտ էլ խնդրահարույց են եղել: Ի՞նչ փաստարկներ կարող էիք բերել:
-Պարզ փաստարկներ, որ բխում են հետխորհրդային տարածքում ձևավորված իրականությունից: Ես ընդամենը ասացի՝ մենք շատ լավ հասկանում ենք, որ ՈՒկրաինայի համար տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանումը պետական քաղաքականություն է, և դա անբեկանելի է նրանց համար, մեզ համար էլ ազգերի ինքնորոշման սկզբունքի պահպանումն է այդպիսին, և դա նույնքան անբեկանելի է, բայց աշխարհում այդ հարթությունից դուրս բազում խնդիրներ կան և ճիշտ չէ այդ խնդիրների վրա տարածել երկու սկզբունքների հակամարտությունը: Մենք կարող ենք անկաշկանդ լինել բոլոր մնացած հարցերում և գոնե միմյանց դեմ չքվեարկել՝ ելնելով զուտ քաղաքական նկատառումներից, այլ առաջնորդվել կոնկրետ խնդրի տրամաբանությամբ:
-Ստացվե՞ց:
-Կարծում եմ՝ այո, այս կառույցում մենք չափազանց քիչ համախոհներ ունենք, վեհաժողովի անդամ 12 երկրներից 6-ը հետխորհրդային երկրներ են՝ Ռուսաստան, ՈՒկրաինա, Մոլդովա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, մյուս վեցը` Ալբանիա, Բուլղարիա, Ռումինիա, Հունաստան, Սերբիա, Թուրքիա, որտեղ և գտնվում է կառույցի կենտրոնակայանն ու ամենօրյա աշխատանք է իրականացնում կառույցի աշխատակազմը:
-Ստամբուլը լիքը հայկական գաղտնիքներ ունի, հնարավորություն ունեցա՞ք շփվելու քաղաքի հետ:
-Առաջին անգամ չէի Ստամբուլում, ինչ-որ տեղերում եղել եմ, բայց Ստամբուլում երբեք չեմ կարողացել հաղթահարել ներքին խռովքս, այս քաղաքում երբեք քեզ չի լքում անցյալը, հայկական Պոլիսը… Այսօր էլ Ստամբուլը, չլինելով մայրաքաղաք, մնում է Թուրքիայի առաջին քաղաքը՝ իր տնտեսությամբ, ազգաբնակչությամբ, պատմությամբ ու նշանակությամբ: Մտածե՞լ եք՝ ո՞րն է Թուրքիայի խոցելի տեղը: Ընդամենը մի քանի տարի առաջ երկիրը կարելի էր նկարագրել որպես վիթխարի տնտեսական ծրագրեր իրականացնող՝ Բոսֆորին զուգահեռ երկրորդ նավարկելի նեղուց, Ստամբուլի հարևանությամբ Եվրոպայի ամենամեծ օդակայանը կառուցող, ժողովրդագրական փայլուն վիճակ, տնտեսության դինամիկ աճ ունեցող պետություն: Պետություն, որի ապրանքները հեղեղել էին հետխորհրդային երկրներն ու արաբական աշխարհը, շինարարական բիզնեսը հաջողությամբ աշխատում էր հետխորհրդային ու արևելաեվրոպական երկրներում, բայց կարճ ժամանակում հայտնվեց այս իրավիճակում… Ի վերջո, դա ոչ միայն բիզնես, այլև մշակութային էքսպանսիա էր, ու հիմա աչքներիս առաջ այդ ամենը փլուզվում է, կա՞ տրամաբանություն այդ ամենի մեջ:
-Դուք կարծում եք, որ ինչ կատարվում է, կատարվում է Թուրքիայի՞ մեղքով, թե՞ արտաքին քաղաքական ու տնտեսական հանգամանքներն են գումարվում իրար:
-Նկատի ունեք՝ «Զրո պրոբլեմներ հարևանների հետ» կարգախո՞սը: Երբ այդ կարգախոսը հռչակվեց, բոլորովին էլ անհեթեթ չէր: Շատերի համար այդ կարգախոսը թուրքական քաղաքականության էության արտահայտությունն էր: Թուրքիայի՞ մեղքով է, թե՞ արտաքին հանգամանքների, բայց փաստ է՝ Թուրքիան հիմա գտնվում է մի ժամանակաշրջանում, երբ պիտի փակի Առաջին համաշխարհային պատերազմի վերջին էջը:
-Առաջի՞ն, բայց եղել է և երկրորդը:
-Առաջին: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի գաղափարական ուղերձը մասնակից կայսրություններին մեկն էր՝ թոթափել զավթած տարածքներն ու վերադառնալ սեփական էթնոմշակութային արեալին: Դա վերաբերում է ոչ միայն Թուրքիային, այլև պատերազմին մասնակից մյուս կայսրություններին: Ծավալուն մասնագիտական գրականություն կա այդ իրադարձությունների մասին: Կյանքը, ի վերջո, կայսրություններին հանգեցրեց նվաճված տարածքների կորստի: Առաջին համաշխարհային պատերազմի վերջի այդ ուղերձը տասնամյակներ հետո միայն ձևակերպվեց մասնագիտական գրականության մեջ, իսկ մինչ այդ իրագործվում էր ինքնաբերաբար, ներքին մղումով: Թուրքիան կորցրեց արաբական աշխարհը, բայց Թուրքիան համոզված էր, որ այն տարածքը, որտեղ այսօր Թուրքիայի Հանրապետությունն է, իր արեալն է, և այդ արեալում պիտի ապրի ու զարգանա։ Ակնհայտ էր, որ այդ արեալում պիտի քրիստոնյաների հարցը լուծի ու լուծեց՝ ինչպես թուրքերը միշտ են այդ հարցը լուծում՝ ցեղասպանությամբ և վտարելով: Ոչ միայն 1915-ին ու ոչ միայն հայերին: Բայց մնում էին ոչ թուրք մուսուլման տարրերը: Թուրքերը համոզված էին, որ քրդերին ու մյուսներին կինտեգրեն ու կդարձնեն թուրք: Այդ խնդիրը լուծելու համար Թուրքիան արդեն մեկ դար է՝ ջանք ու միջոց չի խնայում։ Սակայն տարբեր պատճառներով Թուրքիային այդ ծրագիրը չհաջողվեց իրականացնել։ Այսօր Թուրքիայի համար քրդական խնդիրն այլևս անշրջանցելի է դարձել, որովհետև Առաջին համաշխարհային պատերազմի էջն իր համար չի փակել:
-ՈՒ ի՞նչ պիտի անի՝ հայերի ու մյուս քրիստոնյաների պես պարբերաբար կոտորի՞, թե՞ վերջապես ինքնավարության համաձայնի, որ պետության մասնատում է նշանակում:
-Ցեղասպանությունն այսօր անլուծելի խնդիր է՝ աշխարհը հարյուր տարում փոխվել է, միաժամանակ կան քրդերին աջակցող հզոր աշխարհաքաղաքական կենտրոններ։ Մի քանի տասնյակ միլիոն քրդեր կան Թուրքիայում, և քրդերով ամենախիտ բնակեցված տարածքը, չզարմանաք, Ստամբուլն է, որտեղ չորս միլիոն քուրդ է ապրում։ Քրդաբնակ նահանգներում կոտորածը ուղիղ հակադարձվելու է Ստամբուլում, այս առումով վառոդի տակառի վրա է քաղաքը նստած: Վտարելը ևս անլուծելի հարց է՝ քրդերն այսօր մարտունակ, կազմակերպված, զինված, քաղաքական ու տնտեսական լծակներ ունեցող ուժ են: Ինտեգրելն էլ չի ստացվում, որովհետև այսօր քրդական համայնքում, ի տարբերություն հարյուրամյակների, երբ նրանք իրենց առաջին հերթին նույնականացնում էին ցեղախմբի հետ, ձևավորվել է ազգային-պետական գիտակցություն: Քուրդ էթնոսի ինքնակազմակերպման գիտակցությունը թույլ չի տա իրեն թուրք դարձնել: Կամ պիտի ստեղծես այնպիսի ժողովրդավարական պետություն, որտեղ նման խնդիրները կորցնում են արդիականությունը, իսկ դա հակասում է թրքականությանը, կամ պիտի կոնֆլիկտը լուծվի՝ ինչպես այլ երկրներում է լուծվում՝ տարածքի մասնատում: Դա է Առաջին համաշխարհայինի վերջին էջը փակելու կոնցեպցիան:
-ՈՒ ի՞նչ:
-Բայց ինչո՞ւ եք այդ հարցն ինձ ուղղում: Իմ հարցը չէ ու իմ պատասխանը այդ հարցը չի լուծի: Միստիկայի հավատո՞ւմ եք:
-Տեղ-տեղ ու երբեմն առ երբեմն: Ինչո՞ւ եք հարցնում:
-Նախ ասեմ, որ ես չեմ հավատում։ Ընկերս այս անգամ ինձ տարավ Ստամբուլի կենտրոնում գտնվող մի պուրակ, որտեղ դրված են թուրքական էթնոսի դինաստիաների հիմնադիրների կիսանդրիները, սկսած՝ այն ժամանակներից, երբ այսօրվա թուրքերի նախնիները ապրում էին միջինասիական տափաստաններում ու ավարտած Քեմալ Աթաթուրքի կիսանդրիով։ Տպավորիչ տեսարան է, որ իսկապես սերունդ է դաստիարակում, սուլթաններ, որ աշխարհի համար փորձանք են եղել, սերմանել են խավար ու տառապանքներ շատ ազգերի համար, բայց իրենց համար ազգի հայրեր են ու հարգանքի, պատվի, հիշողության արժանի: Երկուսի անունը տամ միայն՝ Աթիլա և Լենկթեմուր: Յուրաքանչյուր կիսանդրու պատվանդանին գրված էր իշխանավորի անունը և նրա ստեղծած կայսրության առաջին ու վերջին տարեթվերը: Ես շրջում էի ու կարդում մակագրությունները: Աթաթուրքի հիմնադրած պետության վերջի տարեթիվը, բնականաբար, չկար: Նկատեցի, որ համարյա յուրաքանչյուր կիսանդրու պատվանդանի ոտքերի մոտ մի կատու է նստած:
-Կատո՞ւ՝ կենդանի՞:
-Միանգամայն, սովորական, հանգիստ նստած էին: Կատուների ներկայությունն արձանագրելու հետ՝ արձանագրեցի նաև ժամը՝ 15.00, իսկ երբ հասա վերջին՝ Աթաթուրքի կիսանդրուն, չգիտեմ որտեղից ու ինչպես՝ Ստամբուլի կենտրոնում, ցերեկվա կեսին զիլ, ամբողջ պուրակով մեկ կանչեց աքաղաղը:
-Կատուներն Աթաթուրքին չե՞ն սիրում:
-Չգիտեմ, սնոտիապաշտ չեմ։ Գիտեմ, որ կատուները հին հավատալիքներով մարմնավորում են չարքերին, գիշերի թագավորությանն են պատկանում, գիշերն ամեն ինչ տեսնում են, աքաղաղը, ճիշտ հակառակը՝ ավետում է գիշերվա վերջը, լուսաբացն է կանչում: Գուցե իսկապես թուրքերի պատմության խավարով սկսված էջը ավարտվելու է աքաղաղի կանչո՞վ՝ եկել է Առաջին համաշխարհայինի վերջին էջը փակելու ժամանակը: Կամ՝ պարզ զուգադիպություն էր: Թերահավատների համար ասեմ, որ այս ամենը տեսագրել եմ հեռախոսիս վրա:
-Հուսամ՝ պարզ զուգադիպություններն էլ պատահաբար չեն լինում, անգամ կատուների ու աքաղաղի հետ, Ստամբուլի կենտրոնում, կեսօրից հետո, հայի հետ:


Զրույցը՝
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ
Հ. Գ. Չգիտեմ՝ թերահավատների, թե հետաքրքրասերների համար ավելացնեմ, որ տեսագրությունը կարող եք դիտել մեր կայքում՝ irates.am հասցեով:

Տեսանյութ

«Թուրքիան պիտի փակի Առաջին համաշխարհային պատերազմի վերջին էջը»
Դիտվել է՝ 1803

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ